Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին աշխատանքից ազատել են իշխանությանը չսատարելու համար
SocietyՔիչ առաջ Սյունիքի մարզպետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն աշխատանքից ազատվել է 2021թ․ մայիսի 25-ին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գոռ Մինասյանն ասաց, թե տեղյակ չէ, թե որն է իրեն աշխատանքից ազատելու պատճառը․ «Իրենցից հարցրեք, մինչև օրս որևէ պատճառ չեն նշել»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է պայմանավորված է գրեթե մեկ ամիս առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով, երբ տեղեկություններ տարածվեցին, թե իրեն ու եղբորը ծեծի են ենթարկել, որից հետո իրենք առևանգել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Գոռ Մինասյանը պատասխանեց․ «Ամեն ինչ նորմալ ա, շատ լավ ա։ Ինձ որ տեսնեք, կհասկանաք՝ ինձ հնարավո՞ր է ծեծի ենթարկել, թե՞ ոչ։ Ընդհանուր առմամբ, չեմ քննարկել՝ ինչով է պայմանավորված ինձ աշխատանքից ազատելը, միգուցե՞ չեն ուզեցել, որ աշխատեմ, չգիտեմ՝ ինչ պատճառներով»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ իսկ հնարավո՞ր է պայմանավորված լինի հակաիշխանական հայացքներով՝ Մինասյանը դրական պատասխան տվեց․ «Ոչ միայն կողմնակից չեմ Փաշինյանին, այլև տեսնել չեմ ուզում։ Ինքը մեր ժողովրդին խաբում է։ 3 տարի աշխատել եմ իրենց հետ, ազնվություն չկա նրանց մեջ, որ մի ճիշտ բան ասեն ժողովրդին։ Իրենք սիրում են էն տեսակին, որ իշխեն, ոնց ճտացնեն` էդպես լինի, բայց ես էդ տեսակը չեմ»,- նշեց նա։
Մինասյանի խոսքով՝ իր ազատումը հավանաբար պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանին սատարելու հանգամանքով։
Ինչ վերաբերում է օրեր առաջ տարածված տեղեկություններին, ըստ որոնց` առևանգել էր Սյունիքի մարզպետի որդուն, Մինասյանն ասաց․ «Ես առևանգող չեմ, մի քիչ էդպես բան են ներկայացնում։ Կարելի է ասել Էդ ընտանիքին ճանաչում ենք, բան չկա, նորմալ է ամեն ինչ, խնդիր չունենք իրար հետ կապված»,- ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ի նգրել էինք, որ ըստ Սյունիքում պտտվող լուրերի՝ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը առևանգել էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդիներին։ Բանն այն է, որ մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ մայիսի 11-ին՝ ժամը 22:00-ի սահմանում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի էին ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար 37-ամյա Գոռ Մինասյանին և նրա եղբորը՝ 30-ամյա Զարզանդ Մինասյանին: Մեզ հետ զրույցում թե Սյունիքի մարզպետը, թե Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի եղբայրը փորձում էին հերքել լուրերը։ Իսկ թե ինչ կապ ունի Գոռ Մինասյանի ազատումը այս դեպքերի հետ՝ դժվար է ասել։
Սոնա Հարությունյան