Չնայած ԿԸՀ-ն մերժել է Տիգրան Արզաքանցյանին գրանցել ընտրական ցուցակում՝ նա շարունակում է քարոզարշավը
ՔաղաքականՔիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցել, սակայն նա շարունակում է քարոզարշավը։ Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել քաղաքացիների հետ հանդիպումից՝ կից գրելով․
«Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն ու դաշինքի անդամները շարունակում են նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչներն Արարատի մարզում հանդիպեցին Արտաշատի, Արարատի, Վեդիի և Մասիսի ընտրողների հետ։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում համակիրներն ուղղեցին իրենց հուզող հարցերը կուսակցության ներկայացուցիչներին` վերջիններս էլ խոստացան ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել, որ մեր երկրում ամեն լավ բան դեռ առջևում է»,- գրված է Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԿԸՀ-ն, ուսումնասիրելով Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշել է մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանը չի կարողացել ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։