«Նման բան չկա»․ Ջանֆիդայի համայնքապետը՝ Ռուբեն Խլղաթյանի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին
Society«Նման բան չկա, խնդրում եմ դիմեք ոստիկանության լրատվական միջոցներին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջանֆիդայի համայնքապետ Կամսար Ղորղանյանը՝ անդրադառնալով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ պատրաստվել է 9 միլիոն դրամ փոխանցել գյուղի բնակիչներից մեկին։
Հարցին՝ որևէ բնակչից ահազանգ ստացե՞լ է կաշառք բաժանելու վերաբերյալ, համայնքապետը բացասական պատասխան տվեց։
Հետաքրքրվեցինք՝ ով է Ջանֆիդայի այն բնակիչը, ում, ըստ ոստիկանության հաղորագրության, Ռուբեն Խլղաթյանը փորձել է փոխանցել 9 մլն դրամ, համայնքապետն ասաց․ «Ոչ ոքի չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչեմ»,- նշեց համայնքապետը։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետը, որն ընդգրկված է նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստվում է 9 միլիոն դրամ փոխանցել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու: