Այս մարդն արդեն համակերպվել է, որ ամսի 21-ին ընդդիմություն է լինելու․ Իշխան Սաղաթելյան
Video«Մեր երկիրը խորը ճգնաժամի մեջ է՝ սոցիալ-տնտեսական, անվտանգային։ «Հայաստան» դաշինքն այս օրերին հանդիպում է բազմաթիվ քաղաքացիների հետ և ներկայացնում այն ծրագիրն ու ճանապարհը, որով կարելի է երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,- Վանաձորում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ դաշինքի թիմն ունի անհրաժեշտ գիտելիքը, կամքն ու վճռականությունը։
«Մենք գիտենք այդ բեռի ծանրությունը և պատրաստ ենք պատվով կրել։ Այս օրերին երկրի իշխանությունը զավթած ոհմակը շարունակում է վայրահաչոցները՝ շարունակ խոսելով մեզանից, ոչ թե ապագայից, որովհետև ապագայում նրանք չկան», - ասաց Սաղաթելյանը։
«Այսօր նա ասել է, որ նախկին իշխանությունները կառուցել են այն ճանապարհները, որ տարել են դեպի իրենց խրախճանքի վայրեր։ Լսի՛, ա՛յ հողատու, նախկին իշխանությունները կառուցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Արցախ տանող ճանապարհը։ Արցախը քո համար էր խրախճանքի վայր, որ նվիրեցիր թուրքերին, այդ թվում՝ նաև այդ ճանապարհները։ Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, Շուշին մեր բերդաքաղաքն է։ Ի հեճուկս քեզ՝ հայ ազգը գոյատևելու ու զարգանալու է։ Շուշին շարունակելու է մնալ հայկական։
Այսօր այդ անձը նաև հայտարարել է, որ հունիսի 21-ին հանրահավաք է հրավիրելու։ Կոչ ենք անում բոլորին լինել շատ հանգիստ ու զուսպ։ Այս մարդն արդեն համակերպվել է, որ ամսի 21-ին ընդդիմություն է լինելու։ Մենք թույլ չենք տալու, որ լինեն նոր բախումներ ու ցնցումներ։ Պարզապես հունիսի 20-ին մեր ժողովուրդը պետք է սրբի մեր երկրից այս չարիքը», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։