Արագածոտնի մարզպետը հերքում է Թալինում ծեծի ենթարկվելու մասին լուրերը
ԲլոգոսֆերաԻ պատասխան Mediaport տելեգրամյան լրատվական կայքի «Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին» վերտառությամբ հրապարակման՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ֆեյսբուքյան իր էջում հերքում է հրապարակել:
Նա նշում է, որ Հացաշենում առհասարակ որևէ միջադեպ չի գրանցվել, հետևաբար՝ ոչ ոք իրեն ծեծի չի ենթարկել: Հերքումը՝ ստորև.
«Հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ, իբրև թե, նախընտրական քարոզարշավի շրջանակում Թալինի տարածաշրջան կատարածս այցի ընթացքում Հացաշեն համայնքում ծեծկռտուք է եղել, որևէ աղերս չունի իրականության հետ, սուտ է և ամբողջությամբ հորինվածք: Նախընտրական այցերիս ընթացքում ոչ մի նման միջադեպ չի գրանցվել, հետևաբար ոչ մեկ ծեծի չի ենթարկվել և առավել ևս ոստիկանությունը չի միջամտել:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներին որևիցե մեկը չի կարող ծեծել, և այդ մենք ենք մեր կողմնակիցներին զսպվածության կոչ անում սադրանքներին չտրվելու և միտումնավոր լարվածություն հրահրող ուժերին կոշտ ձևով չսաստելու:
Ակնհայտ է, որ որոշ շրջանակներ շրջանառելով նմանօրինակ կեղծ հրապարակումներ, նպատակ են հետապնդում միտումնավոր խեղաթյուրել իրականությունը և անհաջող կերպով փորձում են անարգել իմ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը»,- գրել է նա: