Ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են՝ արի սահմանները գծենք. Մարուքյան
ВидеоՍահմանազատման խնդիրը վաղ թե ուշ պետք է իրագործվի, սակայն չի կարելի սահմանազատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են՝ արի սահմանները գծենք իրար հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանը մտել է Հայաստանի սուվերեն տարածք եւ ասում է՝ դուրս չեմ գալիս, մինչեւ էս թուղթը չստորագրեք: Այդ թղթի ստորագրման արդյունքում էլ մենք պարտավորվում ենք հանձնաժողով ստեղծել, որով պարտավորվում ենք այդ հանձնաժողովի որոշումները կատարել: Հանձնաժողովն ինչ է որոշելու ոչ ոք չգիտի:
Սահմանները չեն գծում իրար վրա կրակելով, իրար հողեր մտնելով: Այս իմաստով է, որ Ադրբեջանի արարքը որեւէ ձեւով չի ընկալվում միջազգային հանրության կողմից: Հիմա լավ է, որ որեւէ փաստաթուղթ դրա հետ կապված չի ստորագրվել»,-ընդգծեց նա: