Ընտրական «տասովշիկների» նկատմամբ պայքարը շարունակվում է. Փաշինյան
Video«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ավշար համայնքում բնակիչների հետ հանդիպմանն հայտարարեց, որ «պողպատյա» մանդատով զբաղվելու է բոլոր նրանցով, ովքեր փորձելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական կամքի նկատմամբ բռնանալ և ապօրինի ազդեցություն ունենալ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանում շարունակվում է ընտրակաշառք տվողների և ընտրական «տասովշիկների» նկատմամբ պայքարը:
«Տեղի են ունեցել հերթական ձերբակալությունները: Այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Որևէ մեկը թող չկասկածի հետևյալի մեջ՝ նախ պողպատե մուրճով անձամբ զբաղվելու եմ բոլոր նրանցով, ովքեր փորերը քսելով ասֆալտին փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական կամքի նկատմամբ բռնանալ և ապօրինի ազդեցություն ներգործել: Ասում եմ, որ բոլոր այն մարդիկ` լինեն նրանք տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ փորձում են ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանց նկատմամբ «պողպատե» մանդատով ես ինքս զբաղվելու եմ հատ-հատ»,- ասաց Փաշինյանը: