Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկում կրկին հրդեհ է բռնկվել․ բնակիչներն ահազանգում են, պատկան մարմինները՝ լռում (տեսանյութեր)
SocietyՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչներն ահազանգում են՝ հայտնվել են անելանելի վիճակում։ Բանն այն է, որ օրեր առաջ՝ հունիսի 11-ի գիշերը, աղբարկղում առաջացած կրակը, որը հրդեհել էր շենքի ամբողջ մուտքը, կրկին բռնկվել է։ Այս պահին ԱԻՆ աշխատակիցները փորձում են հանգցնել այն։
Բնակիչները բողոքում են՝ նշելով, որ հրդեհի բռնկվելու պատճառն այն է, որ գրեթե մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հրդեհի հետևանքները չեն մաքրել, որի արդունքում կրակը կրկին բռնկվել է, իսկ պատկան մարմինները շարունակում են անհաղորդ մնալ։
«Մի շաբաթ է այս վիճակն է, պատկան մարմինները չեն գալիս մաքրեն, դրա համար էլ նորից հրդեհ առաջացավ։ Խոսակցություններ կան, որ ասել են՝ սպասում են ընտրություններին, տեսնեն՝ ով կընտրվի, որ հասկանան անում են, թե չէ։ Հիմա ի՞նչ մենք մի շաբաթ էլ այս վիճակում ապրենք, մինչև իրենք տեսնեն ընտրվում են, չեն ընտրվում, որ նոր գան մաքրե՞ն։ Մեր բնակարաններ չենք կարողանում բարձրանալ, քանի որ ամբողջ մուտքի քարերը թափված են, փլված, ծխի հոտը պարզապես սպանում է։ Ոտք դնելու տեղ չկա, սարսափելի վիճակ է։ Նույնիսկ լվացք չենք կարողանում փռել դրսում, ծխի հոտը կպնում է շորերի վրա։ Դիմել ենք՝ քաղաքապետարան, թաղապետարան, բայց «ձայն բարբառո հանապատի», էլ չգիտենք՝ ում դիմենք։ Պատկան մարմինները որևէ հարցով չեն զբաղվում և ոչինչ չեն ձեռնարկում շենքի մուտքը բարեկարգելու համար»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1 թաղամասի Զորավար Անդրանիկի 48 հասցեում գտնվող շենքի բնակիչը։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ հարցում ուղարկենք, ապա ուղղորդեց պարզաբանում ստանալ համատիրությունից․ «Ձեր ասած խնդիրը, կարծես թե, ավելի շատ համատիրությանն է վերաբերում»,- նշեց նա: Մենք զանգահարեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին, սակայն աշխատակազմից տեղեկացրին, որ նա այս պահին արձակուրդում է։ Այստեղից ուղղորդեցին հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ կոմունալների բաժնից, որտեղից փոխանցեցին, որ համատիրությանը տեղյակ են պահել և հետագա անելիքը նրանց լիազորությունների մեջ է։