Մեր թիմը նոր պատերազմ, զոհեր և արյուն չի խոստանում. Վիկտոր Սողոմոնյան
ПолитическиеՄեր թիմը նոր պատերազմ, զոհեր և արյուն չի խոստանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ։
«Եթե այնպես լիներ, որ գործող իշխանությունը մնար իշխանության, ապա անպայման պատերազմ էր լինելու։ Տեսնում եք՝ ինչպես մեր երկիրը չեն նկատում Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև նկատելու բան չի մնացել։ Քաղաքական իմաստով իրավիճակը մեզ համար ողբերգական է։ Արժանապատիվ խաղաղության կոնցեպտը կսկսվի իրագործվել և տեսանելի կլինի մեր քաղաքացիներին շատ արագ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ.-ից սկսած Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է պատերազմի կուսակցության ղեկավար լինելու մեջ։ Նա նշեց, որ ամենախաղաղ տարիները եղել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ և վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներն ամենախաղաղն են լինելու։
Հարցին՝ «Հայաստան» դաշինքը հնարավոր համարու՞մ է կոալիցիա կազմել ՀԱԿ-ի հետ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Տպավորություն ունեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խճճվել է։ Դրեք նրա հայտարարությունները կողք կողքի և փորձեք նրանց իմաստային տրամաբանությունը գտնել և կտեսնեք, որ դրանք հակասում են»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։