19-ամյա տղան զոհաբերել է երկու կնոջ` վիճակախաղ շահելու համար
Անգլիայի Լոնդոն քաղաքից 27-ամյա Նիկոլ Սմոլմանը և 46-ամյա Բիբաա Հենրին գնացել են զբոսայգի` վերջինիս ծննդյան օրը նշելու նպատակով: Քույրերը հրավիրել են նաև իրենց ընկերներին ու վայելել տոնը, սակայն խնջույքի ավարտին բոլորը հեռացել են, իսկ աղջիկները որոշել են մի փոքր ավելի երկար մնալ: Նրանք երաժշտություն են ունկնդրել, պարել ու զվարճացել՝ չիմանալով, թե ինչ սարսափելի ճակատագիր է սպասվում իրենց:
Երբ խնջույքից հետո քույրերը տուն չեն վերադարձել, նրանց հարազատները գնացել են գտնելու աղջիկներին: Ի վերջո Նիկոլն ու Բիբաան հայտնաբերվել են մահացած: Դանակի ութ հարվածի հետք է հայտնաբերվել ավագ քրոջ, իսկ 28-ը՝ կրտսերի մարմնի վրա, գրում է Daily Mail-ը:
Շուտով ձերբակալվել է սարսափելի վայրագության կասկածյալը: Պարզվել է, որ դա 19-ամյա Դանիալ Հուսեյնն է, ում ԴՆԹ-ն հայտնաբերվել է հանցագործության վայրում: Մոտակայքում գտնվել է այն նույն դանակը, որ տղան սպանությունից մի քանի օր առաջ գնել էր խանութից:
Հուսեյնի տանը իրավապահներին սպասում էր մեկ այլ ցնցող բան: Կասկածյալի ննջասենյակում նրանք արյամբ ստորագրված ձեռագիր նամակ են գտել, որում նա «գործարք է կնքել սատանայի հետ»: Տղան խոստացել էր վիճակախաղ շահելու դիմաց երկու կնոջ զոհաբերել: Հանցագործը, ըստ ամենայնի, համոզված էր, որ իր ծրագիրը կգործի, քանի որ հարձակումից հետո նա գնել էր վիճակախաղի մի քանի տոմս, որոնք դրել էր նամակի մեջ: Սակայն, Հուսեյնը դեռ չի ընդունում իր մեղքը: Քննությունը շարունակվում է: