Անցանք դժոխքի միջով միայն այն բանի շնորհիվ, որ դուք մեր հետ էիք և մեզ բոլորիս չկերան սատանաներն ու դևերը. Արարատ Միրզոյան
ПолитическиеՄիասին մենք անցանք դժոխքի միջով և միայն այն բանի շնորհիվ, որ այդ ողջ ընթացքում դուք մեր հետ էիք, մեզ բոլորիս չկերան սատանաներն ու դևերը։ Հանրապետության հրապարակում ՔՊ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը։
«Եղան նաև այնպիսիք, ում հավատը սասանվեց, ում մոտ կասկած առաջացավ՝ արդյոք ճիշտ էր, որ մասնակցում էր 2018-ի հեղափոխությանը, արդյոք ճիշտ էր ինքը, որ Հայաստանում իշխանությունը պատվիրակում էր մեր քաղաքական ուժին, արդյոք մենք ենք, որ պետք է շարունակենք վարել մեր հայրենիքի ղեկը»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ այն ամենին, ինչ արել են երեք տարիների ընթացքում։ Նա նշեց, որ առաջին մեկ տարին չունեին խորհրդարանական մեծամասնություն, հետևաբար չունեին բարեփոխումներ անելու անհրաժեշտ գործիքները։
«Քաղաքական համակարգի բարեփոխումների առումով թվարկեմ միայն երկուսը՝ ընտրական նոր օրենսգրքի ընդունում և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն։ Այս ձևակերպումները գուցե շատ բան չեն ասում, բայց սրանք էական քայլեր են քաղաքական համակարգը քաղաքական դարձնելու առումով։ Դատաիրավական բարեփոխումները, ահռելի, ծավալուն, ցավոք դեռ անավարտ, բայց վստահաբար պտուղներն արդեն սկսելու ենք տեսնել։ Հիշատակեմ միայն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որը նախորդ տարվա սեպտեմբերից ուժի մեջ է։
Տնտեսություն և սոցիալական քաղաքականություն։ Կոռուպցիոն շահեր չհետապնդելու, արդար կառավարման արդյունքում մենք վերացրել ենք արհեստական մենաշնորհները, պայքարել ենք և գրեթե վերացրել ենք ստվերը։ Ստվերից դուրս են եկել բազմաթիվ բիզնեսներ, շուրջ 85 հազար աշխատատեղ՝ մի մասը նոր, մի մասը ստվերից դուրս եկած։ Նվազեցրել ենք բոլոր էական հարկատեսակների դրույքաչափերը։ Արդյունքում պետբյուջեի հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 26 տոկոսով»,-ասաց Արարատ Միրզոյանը։