«Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկի վրա միտումնավոր նշումներ են արվել՝ դրանք անվավեր ճանաչելու նպատակով. Սոս Հակոբյան
Political«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբում այսօր ստացվել են ահազանգեր, որ թիվ 6 քվեաթերթիկի վրա առկա են կապույտ նշումներ։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։
«Կարծես տեխնիկական խոտան է ներկի տեսքով։ Որոշ ընտրատեղամսերում նման քվեաթերթիկների թիվը հասնում է մինչև 300-ի»,- ասաց նա` հրավիրելով ԿԸՀ-ի ուշադրությունն այս հանգամանքին։
«Հստակ պետք է տրվի պարզաբանում, որ հանկարծ տեխնիկական խոտանի հետևանքով քվեաթերթիկի վրա առկա գույնի պատճառով անվավեր չճանաչվի քվեարկության արդյունքը՝ կոնկրետ ընտրողի քվեն։ Նորից եմ կրկնում, կան տեղեկություններ, որ որոշ տեղամասերում մինչև մի քանի հարյուր քվեաթերթիկ պատված են կապույտ գույնի ներկով և ԿԸՀ ուշադրությունն ենք հրավիրում այս փաստին, որպեսզի լինի հստակ պարզաբանում, որ դա չի կարող հիմք լինել քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու համար»,- նշեց նա։
Հակոբյանը նաև անդրադարձավ որոշ տեղամասերում առկա խոտանված քվեատուփերին, որոնց լուսանկարները տարածվել են տելեգրամյան ալիքներով։