«Բիլայն» ընկերության սատարած ուժը հավաքել է ընդամենը 957 ձայն
ПолитическиеԱրտահերթ խորհրդարանական ընտրություններում ամենաքիչ ձայներ հավաքած երրորդ քաղաքական ուժը «Միասնական Հայրենիք» կուսակցությունն է, որը ստացել է 957 կամ 0.08 %: Կուսակցության վարչապետի թեկնածուն Մհեր Տերտերյանն էր։
Նշենք, որ ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Ընտրական շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Վերջիններս ներկայացվածություն կունենան խորհրդարանում։
Հիշեցնենք՝ օրեր առաջ գրել էինք, որ հենց այս ուժի համար էր «Բիլայն» ընկերությունը քաղաքական հստակ ենթատեքստ պարունակող նամակներ ուղարկել իր բաժանորդներին․ «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա։ Միասնական Հայրենիք N7»,- ասվում էր հաղորդագրության մեջ։ «Բիլայն»-ը հաղորդագրություններով նախընտրական քարոզչություն էր իրականացրել՝ իր բաժանորդներին ուղարկելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միասնական Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը, այսպես ասած, ուղղորդելով ձայն տալ կոնկրետ այս ուժի օգտին։ Իսկ թե «Միասնական Հայրենիք»-ն ու դրա առաջնորդ, պատգամավորի թեկնածու Մհեր Տերտերյանն ի՞նչ կապ ունեն «Բիլայն» ընկերության հետ՝ դեռևս հայտնի չէ, սակայն կարելի էր ենթադրել, որ ընկերությունը սատարում էր այս ուժին։ Նկատենք նաև, որ ուղարկված հաղորդագրությանը հաջորդում էր մեկ ուրիշը, որով «Բիլայն»-ը խնդրում էր անտեսել քաղաքական բնույթի նամակը։