Չփորձե՛ք արցախցիների և հայաստանցիների միջև հակադրություն մտցնել. Փաշինյան
ՔաղաքականԾանր աղետից հետո Հայաստանի կառավարությունը տասնյակ ծրագրեր է իրականացրել: Արցախի որևէ բնակիչ չի մնացել առանց Հայաստանի կառավարության աջակցության: Մենք միասին պետք է արմատախիլ անենք մեր միջև հակադրություններ սերմանելու որևէ փորձ: Այս մասին այսօրվա հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը` հավելելով. «Անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը»:
«Մեր կառավարությունը Սփյուռքի հետ մեկնարկել է 100 միլիարդ դրամի ներդրման ծրագիր Արցախում բնակարանաշինության նպատակով: Դա ավելին է, քան 1990-ականներից ի վեր Արցախում Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով արված բոլոր ներդրումները միասին վերցրած: Չեն հաջողելու այն մարդիկ, ովքեր հայաստանցի-արցախցի հակադրության վրա իրենց ձեռքերն էին տաքացրել երկար տարիներ ու գրպանները լցրել: Ուղղակի կոչ եմ անում՝ հրաժարվել այդ գործելաոճից: Խնդրում եմ, պահանջում եմ՝ չփորձել արցախցիների և հայաստանցիների միջև հակադրություն մտցնել. չի հաջողվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: