Խնդիրը, կարծես թե, գնում է լուծման․ ԱԽ քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին
PoliticalԲանակցությունները շարունակվում են, ես հավելյալ բան չէի ուզենա ասել, բայց, ընդհանուր առմամբ, խնդիրը, կարծես թե, գնում է լուծման։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին պետք է ռուս սահմանապահներ տեղակայվեն։
«Մենք հույս ունենք, որ, ինչպես հայտարարել էինք, դիվանագիտական ճանապարհով այս հարցը պետք է լուծենք, այդպես էլ կլուծենք»,-նշել է նա։
Գրիգորյանը հայտարարել է, թե մինչև ընտրությունները ընդդիմադիրները ցանկանում էին անվտանգության մեծ սպառնալիքներ ստեղծել:
«Բնականաբար, մենք կարողացանք կառավարել այս պրոցեսը՝ հասկանալով, որ հնարավոր է՝ մինչև ընտրություններ չկարողանանք լուծել, որովհետև դրանց նպատակը ընտրությունների վրա ազդելն է։ Հենց ընտրություններից հետո արդեն ազդակներ կան, որ գնում ենք ավելի շատ դեպի լուծման, եթե այլ խնդիրներ չառաջանան, ես հույս ունեմ, որ այս խնդիրները կարգավորելու ենք, և անվտանգային հարցերի մեծ մասը շատ ավելի արագ լուծում է ունենալու, քան մինչև ընտրություններն էին, որովհետև մեր ընդդիմադիրները ցանկանում էին, որ անվտանգության մեծ սպառնալիքներ ստեղծեն, մարդկանց մեջ վախ մտցնեն, որ վախի հիման վրա ընտրություններ կատարեն, բայց նրանց դա չհաջողվեց»,-ասել է նա։