Հոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա. Դանիել Իոաննիսյան
BlogosphereԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա
Մենք համեմատել ենք ԱԺ անցած 3 ուժերի ձայները բոլոր հոսանքազրկված ընտրատեղամասերում և այդ տեղամասերը ներառող տարածքներում: Ուժերից և որևէ մեկը հոսանքազրկված տեղամասերում չի ստացել իր՝ այդ տարածաշրջանում հավաքած ձայներից էապես ավելի կամ պակաս քվե:
Այսպիսով, հոսանքազրկումները եղել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք տեղամասերում: Շուրջ 15 րոպեով հոսանքազրկվել էին հանրապետության տեղամասերի մոտ 1/4-րդ մասը:
«Քաղաքացիական պայմանագիրը» հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 62,7 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 62,6 %: «Հայաստան» դաշինքը հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 14,8 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 16,2 %: «Պատիվ ունեմ» դաշինքը հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 4,8 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 4,3 %: Թվերի փոքր տատանումը ամբողջությամբ նորմալ է, քանի որ տարբեր տեղեր մարդիկ կարող են մի փոքր տարբեր կերպ քվեարկել:
Այլ կերպ ասած, վիճակագրությունը վկայում է, որ հոսանքազրկված տեղամասերում որևէ էական կեղծիք չի եղել: Թվերի վերանիշյալ տարբերությունները համապետական արդյունքների մեջ մոտ 0,2 տոկոսի ներդրում ունեն: Այսինքն, եթե պայմանականորեն հոսանքազրկված տեղամասերի արդյունքները փոխարինվեն այդ մարզերի միջին արդյունքներով, ապա ԱԺ անցած 3 քաղաքական ուժերի համապետական արդյունքները կտատանվեն առավելագույնը 0,2 տոկոսով:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ ՀԷՑ-ի փոխտնօրենը՝ Դավիթ Ղազինյանը, «Հայաստան» դաշինքով թեկնածու Արթուր Ղազինյանի եղբայրն է և հրապարակայնորեն ակտիվ զբաղված է այդ դաշինքի քարոզչությամբ: Ավելին, «Անկախ դիտորդը» բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ ՀԵՑ-ում աշխատողներին ստիպում են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին ու քվեարկել այդ դաշինքի օգտին:
Դրա ֆոնին «Անկախ դիտորդի» համար կանխատեսելի էր, որ ընտրությունների գիշերը կլինեն հոսանքազրկումներ և մենք այդ մասին հարցը ներառել էինք մեր դիտորդների դիտարկման քարտերում»: