Էմոցիոնալ արտահայտություններ էին. «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժաշխատողները շարունակում են աշխատել
ОбществоԵրեկ պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումից հետո «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկները հայտարարել էին, որ հրաժարվելու են բուժել որևէ մեկին։ Սակայն այսօր ԲԿ-ն հայտարարություն է տարածել` նշելով, որ բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց առաքելությունը՝ ապահովելով քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։
«Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ` կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի կայացրած որոշման փաստի հետ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակված ձայնագրությունում «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանն «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ասում էր, որ ընտրություններին չմասնակցելու դեպքում կոշտ վերաբերմունքի կարժանանան։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նա ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առնչությամբ։ Այնուհետև Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան, սակայն հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց, որից հետո պրոֆեսորին տեղափոխեցին հիվանդանոց։