Կառավարությանը միշտ էլ ձեռք չի տվել, որ մարդկանց իրավական գիտակցությունը բարձրանա. ավտոներկրողների՝ բողոքի ակցիան
ՀասարակությունԵթե մեզ մաքսային տարածք չեն տրամադրելու, թող երաշխիք տան, հող առնենք, մաքսային վերհսկողության տարածք կառուցենք: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրողներից մեկը, որը բողոքի ակցիա է իրականացնում ՊԵԿ-ի դիմաց:
Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պատմեց, որ դեռևս երեք ամիս առաջ մոտ 100 անհատ բերնափոխադրողներով դիմել են ՊԵԿ նախագահին՝ խնդրելով, որ իրենց տեղ հատկացնեն Մեղրիի մաքսատանը, որ հայ բեռնափոխադրողները, պարզապես տեղափոխելով պարսկական բեռը հայկական ֆուռերի մեջ, տեղափոխեն մինչև Երևան. «Արդեն հոգնել ենք։ Վրաստանի բեռնափոխադրողներն ասում են՝ մենք պետք է տեղափոխենք։ Այսօր ապագայից են խոսում, ասում են՝ Ադրբեջանը պետք է տեղափոխի, մեզ ոչինչ չի հասնի։ Թուրքիան փակ է, պարսիկներն իրենք են խնդրում, ասում են՝ տարեք, դուք փող աշխատեք։ Երեք ամիս առաջ դիմել ենք ՊԵԿ-ին, նշել ենք՝ խնդրում ենք, ձեր յուրային օլիգարխներին մեջտեղ չքաշեք»,- նշեց նա:
Նա հիշեցրեց, որ նման նախադեպ արդեն եղել է, 2018-2019թ իրենց ուղարկել են 5 տարբեր՝ սեփական մաքսային տարածքներ, որտեղ մաքսային տեսուչներն իրականացրել են մաքսային գործառույթները. «Հիմա մենք կարող ենք սեփական միջոցներով դա իրականացնել, կառուցել։ Լսել ենք, որ յուրայիններից, ընտրություններին մասնակից որոշ օլիգարխներին են դիմել։ ՊԵԿ-ին 3 ամիս առաջ գրել եմ, բայց ոչ մի պատասխան չկա: Եկել ենք, դիմենք ՊԵԿ նախագահին՝ տեսնելու՝ որտեղ է մեր նամակի պատասխանը: Կառավարությանը միշտ էլ ձեռք չի տվել, որ մարդկանց իրավական գիտակցությունը բարձրանա, մենք էլ միավորվում ենք ՍՊ-ի մեջ ու սկսում ենք պաշտպանվել»,- ասաց նա:
Մեկ այլ ավտոներկրող էլ,անդրադառնալով Երևան-Իրան բեռնափոխադրումներին, ասաց, որ իրենք առաջարկում են՝ պարսիկ բեռնափոխադրողները գան մինչև մաքսային կետ, որտեղից էլ նրանք շարունակեն ճանապարհը դեպի Երևան. «Օրական 20-50 մեքենա պարսիկն ա բերում և ոչ թե մենք: Գնում ենք, օրերով ու շաբաթներով սպասում ենք Ագարակի տամոժնիայում իրանց: Մենք ուզում ենք, որ գոնե 30-50 տոկոսը մերը լինի ու Ագարակից մենք տեղափոխենք Երևան, ոչ թե պարսիկները: Նրանք միայն ուրախ կլինեն, որ մեր ճանապարհներով չքշեն: Մենք ճարահատյալ քշում ենք, ոչ ասֆալտ կա, ոչ ճանապարհ, էդ մենք ենք, մեր բյուջեին կպնելով, փորձանքի միջով անցնելով, գալիս, հասնում տեղ»,- ասաց մեկ այլ ավտոներկրող: