ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին
ՀասարակությունԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները խնդրել են ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Բաքվում տեսակցել հայ գերիներին: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել ենք անպայման գնալ, այցելել է մեր գերիներին։ Նա նաև Հայաստանում հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ, և նրանք տեղեկատվության են սպասում»,- նշեց Հայրապետյանը։
Պատգամավորի խոսքով` այդ կապը փորձում են մաքսիմալ պահել` անկախ նրանից, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում չեն լինի:
«Մեր խնդիրն է, որպեսզի Գավանն այցելի գերիներին և տեղեկացնի՝ ինչ է կատարվում, այդ ինչ շինծու դատավարություններ են, ինչպես են այնտեղ մեր գերիները և նաև այդ տեղեկությունը փոխանցենք հարազատներին»,- եզրափակեց Հայրապետյանը: