Թող մի փաստ ներկայացնեն, որ ՔՊ-ն ուղղորդել է զինվորականներին. Արմեն Խաչատրյան
ՏեսանյութերԻշխանությունը երբևէ վենդետա չի արել, այդ բառը չեմ ընդունում, բայց այս 2-3 տարիների ընթացքում պետք է մի շարք գործողություններ աներ, որը չի արել, ինչն էլ հանգեցրել է հենց ժողովրդի դժգոհությանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Պատերազմից հետո իրողությունը փոխվեց. ընդդիմությունը մի այնպիսի պատկեր ստեղծեց, թե ՀՀ-ում բնակչությունը չի ընդունում իշխանությանը, այդ թվում նաև Սյունիքում, ընդդիմադիր թևը այս ֆարսի համար մեծ գումարներ ծախսեց: Այս ամենից ելնելով՝ միանշանակ իշխանությունը պետք է գնար ընտրությունների՝ հասկանալու, թե կեղծը որն է, ճշմարտությունը որն է: Այդպիսի միֆեր տարածողները ջախջախիչ պարտություն կրեցին»,- ասաց իմքայլական պատգամավորը:
Անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, առ այն, որ, հատկապես, Շուռնուխում զինվորականները ուղղորդվել են ընտրություն կատարելիս, պատգամավորը ասաց. «Գորիսում որտեղ, անգամ, 1 զինվորական չի մասնակցել, ՔՊ-ն հաղթանակ է տարել՝ 2,3 անգամ ավելի ձայներով, քան ասենք «Հայաստան» դաշինքը: Եթե մեկ զինվոր ուղղորդվեր, այդ մասին հանրությունը անպայման կիմանար»,- նշեց Արմեն Խաչատրյանը: