Նախընտրական բանավեճերը ֆինանսավորել է ԱՄՆ ՄԶԳ-ն․ միայն Համալիրին վճարվել է 8 միլիոն 640 հազար ՀՀ դրամ
ОбществоԱրտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կազմակերպել էր «Հայաստանն ընտրում է» խորագրով նախընտրական բանավեճ վարչապետի թեկնածուների և պատգամավորի թեկնածուների միջև։ ԼՈՒՐԵՐ․com-ը հարցում էր ուղարկել Հանրային հեռուստաընկերություն բանավեճի կազմակերպման հետ կապված որոշ հարցերի պատասխաններ ստանալու համար։ Թե որքա՞ն գումար է վճարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ տաղավարի տարածք տրամադրելու համար, այստեղից հայտնել են՝ ընտրություններին ընդառաջ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված բանավեճերի կամակերպման ողջ գործընթացը ֆինանսավորվել է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցության շրջանակներում և հենց վերջինիս ֆինանսավորմամբ էլ հեռուստաընկերությունը վարձակալել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հունիսի 1-17 ընկած ժամանակահատվածի համար, որի դիմաց վճարել է 8 640 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
Մենք նաև հետաքրքրվել էինք, թե ընդհանուր բյուջեով որքա՞ն գումար է ծախսվել բանավեճի և տաղավարը սարքելու համար, սակայն մեր այս հարցն անտեսել էին։ Դեռևս այդ օրերին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը լուսանկար էր հրապարակել և կից գրել․ ««Հայաստանն ընտրում է» մեծ բանավեճի կադրից դուրս աշխատում էր Առաջին ալիք-ի մոտ 100 հոգանոց թիմը, այս ծավալի նախագծի հաջող իրականացումը մեր հեռուստաընտանիքի մեծ ձեռքբերումներից է»։ Նկատի ունենալով վերջինիս գրառումը՝ մեզ հետաքրքրում էր նաև, թե քանի՞ հավելյալ մասնագետներ են ներառվել բանավեճը կազմակերպելու համար, սակայն մեր այս հարցը ևս անպատասխան էր մնացել։ Միայն նշել են, որ դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել վերոնշյալ կազմակերպությանը։