Իտալիան հաղթեց Բելգիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտԻտալիան դուրս եկավ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ։ Մյունխենում տեղի ունեցած խաղում իտալացիները մրցեցին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի հետ եւ առավելության հասան 2։1 հաշվով։
Իտալացիները հաշիվը բացեցին 31-րդ րոպեին։ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Նիկոլո Բարելան գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի առավելությունը 44-րդ րոպեին կրկնապատկեց «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեն։
Առաջին խաղակեսի վերջին րոպեին սեփական տուգանային հրապարակում մրցակցին հրեց «Նապոլիի» 27-ամյա պաշտպան Ջիովանի Դի Լորենցոն։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց բելգիացիների հարձակվող, «Ինտերի» 28-ամյա խաղացող Ռոմելու Լուկակուն։
Այսպիսով, Իտալիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի ընտրանու հետ: