ՀՅԴ գերագույն ժողովը հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին․ Սաղաթելյան
Политические«ՀՅԴ 24-րդ գերագույն ժողովը, քննելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական, անվտանգային իրավիճակը, արձանագրում է, որ խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ ընթերցելով ՀՅԴ գերագույն ժողովի հայտարարությունը։
«Իշխանությունը, զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, հանրությանը մոլորեցնելու անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության և պետականության համար։ Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների ու հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը։
ՀՅԴ գերագույն ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝ հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի հնարավոր բոլոր միջոցները»։