Թուրքական ակտիվությունը Կենտրոնական Ասիայում, ցավալիորեն, կարելի է կոչել նույնիսկ օրինակելի․ Ոսկանյան
BlogosphereԻրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Թուրքական ակտիվությունը Կենտրոնական Ասիայում, ցավալիորեն, կարելի է կոչել նույնիսկ օրինակելի։
Մասնավորապես, մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հ․ Աքարն, այցելելով Ղրղըզստան և Տաջիկստան, նպատակ է հետապնդել սերտացնել հատկապես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտի հարաբերությունները այս երկրների հետ։
Բան այն է, որ ՀԱՊԿ անդամ այս պետությունները ոչ միայն միմյանց հետ սահմանային խնդիրներ ունեն, այլ նաև ուղղակիորեն համարվում են վտանգված՝ հաշվի առնելով Տաջիկստանին սահմանակից Աֆղանստանի հյուսիսում թալիբների վերջին հաջողությունները։
Ըստ այդմ, Անկարան, որը ռազմական առումով մնալու է Աֆղանստանում նաև ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, փորձում է, պատկերավոր ասած, մի կրակոցով երկու նապաստակ խոցել՝ ռազմական օժանդակություն ցուցաբերելով միմյանց հետ այժմ էլ լուռ հակամարտող և նման աջակցություն ակնկալող Բիշկեկին ու Դուշանբեին, ինչպես նաև ամրապնդել իր դիրքերը նաև Աֆղանստանին սահմանակից երկրներում։
Բայց, եթե նշված երկու «նապաստակներն» առայժմ «վազող» թիրախներ են, ապա մեկ այլ բավականին նշանակալի «նապաստակ» արդեն իսկ խոցված է, որովհետև հենց Հ, Աքարի Ղրղըզստան այցից անմիջապես հետո այդ երկրում «անհետացել» և Թուրքիա է բերվել Կենտրոնական Ասիայում գյուլենական ցանցի ամենահայտնի ղեկավարներից Օրհան Ինանդին։
Ուշագրավ է, որ այս մասին անթաքույց հպարտությամբ հայտարարել է Էրդողանն անձամբ՝ փորձելով դա ներկայացնել, որպես իր ոխերիմ հակառակորդ Գյուլենի դեմ հերթական հաղթանակ»։