Այն բառապաշարը, որն օգտագործվել է այս քարոզարշավի ողջ ընթացքում, անթույլատրելի է․ Դավիթ Հարությունյան
Общество«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը անթույլատրելի է համարում նախընտրական քարոզարշավի ողջ ընթաքում, իրենց կարծիքով, հայհոյախառը բառապաշարի օգտագործումը՝ նշելով, որ դրա կանխումը իշխանությունների պոզիտիվ պարտականությունն է։ Դավիթ Հարությունյանը այս մասին ասաց Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին հետաքրքրող հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայհոյանք պարունակող խոսքերը։
«Այն բառապաշարը, որն օգտագործվել է այս քարոզարշավի ողջ ընթացքում, անթույլատրելի է։ Հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդիկ չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, երբ անընդհատ հնչում է տարափ՝ ահաբեկող, հայհոյող, նվաստացնող։ Բայց չեմ համարում, որ դա ճիշտ մոտեցում է։ Կարծում եմ, որ առաջինը պետք է իշխանությունը քայլեր ձեռնարկի, որ նման իրավիճակ Հայաստանում չլինի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, իմ ելույթի ժամանակ ես խոսում էի իշխանության պոզիտիվ պարտականությունների մասին՝ կանխելու այդ ամենը, բայց երբ իշխանությունը ինքն է նախաձեռնում, նման բաներ չի էլ կարող կանխել։ Դրանք որպես կանոն արձագանք են իշխանության նման պահվածքին»,- ասաց Հարությունյանը։
Ըստ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ դրանք ցավալի երևույթներ են, և Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է քայլեր ձեռնարկվեն դրանք բացառելու ուղղությամբ, և Սահմանադրական դատարանի դիրքորոշումը այ առումով հույժ կարևոր է, որ երբևէ քաղաքական բառապաշարը չդառնա բառապաշար, որը բնորոշ չէ քաղաքակիրթ երկրին։