«Սաղին շինելու եմ»-ն իրանից ի՞նչ ա ենթադրում․ մուրճը բացատրեցիք, սա ի՞նչ ա ենթադրում. Վարդևանյան
PoliticalՄինչ ատելության խոսքի հետ կապված քրեական գործ հարուցելը մերժելը՝ ուսումնասիրե՞լ եք Նիկոլ Փաշինյանի անձին բնութագրող հանգամանքները։ ՍԴ-ում Դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանին նման հարց տվեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի անձին բնութագրող հանգամանքներն ուսումնասիրելու անհրաժեշտություն չեն ունեցել.
«Երբ կենտրոնանում ենք ատելության խոսքի վրա, չգիտես ինչու միշտ շեշտադրվում է ՔՊ-ի ղեկավարի կողմից այդպիսի խոսքի տարածումն այն դեպքում, երբ և՛ ՀՀ երկրորդ նախագահի, և՛ երրորդ նախագահի կողմից այդպիսի խոսքի արտաբերում եղել է և երեքի մասով էլ համապատասխան որոշումներով տրվել են քրեաիրավական գնահատականներ։ Ինչ վերաբերում է անձին, այստեղ ոչ թե խոսքը վերաբերում է քրեաիրավական հանգամանքներով անձը բնութագրող տվյալներին, այլ տվյալ անձի կարգավիճակին»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը։
Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է իրենից ենթադրում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած «Դրանց սաղին բռնելու եմ շինեմ» արտահայտությունը. «Մուրճն օրենքի, իրավունքի դիկտատուրան էր, ինչպես ասաց պարոն Բիշարյանը, իսկ այս արտահայտությու՞նն ինչ է»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այդ արտահայտություններից որևիցե մեկի բովանդակության դետալացման անհրաժեշտություն չունեն.
«Մեր կողմից հաշվի են առնվել այդ բոլոր չափանիշների համադրված վերլուծությունը և դրանցից յուրաքանչյուրի իրականության մեջ առկա փաստական հանգամանքները։ Այն համատեքստը, որտեղ կատարվել է ոչ միայն ձեր մատնանշած, այլ մնացած արտահայտությունները, հաշվի են առնվել թվարկված չափանիշների տրամաբանության մեջ։ Ե՛վ անձը, և՛ կարգավիճակը, և՛ համատեքստը, և՛ դիտավորությունը, և՛ հնարավոր վնասի առկայությունը»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը։