ՀՀ պետական սահմանների հետ կապված հարցերն ամբողջությամբ սխալ են գնում. Արման Թաթոյան
Հասարակություն«ՀՀ պետական սահմանների հետ կապված հարցերն ամբողջությամբ սխալ են գնում, բոլոր հարցերը ներառված են ռազմական և քաղաքական կոմպոնենտների ներքո, իսկ մարդու իրավունքների հարցերն ամբողջությամբ անտեսված են»: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա արձանագրմամբ՝ երկրի պետական սահմանների որոշման գործընթացի կարևորագույն հարցերից է, թե որքանով է դրա արդյունքում երաշխավորում սահմանային բնակիչների իրավունքները, բնականոն կյանքը և ավանդույթները, որով սովոր են ապրել սահմանային բնակիչները, իսկ մեր պարագայում ռազմական և քաղաքական կոմպոնենտների գերակայության պատճառով պետությունն իրենք դրել է սահմանափակումների մեջ։
«Արդյունքում մի վտանգավոր թեզ էլ է զարգանում, որ մարդու իրավունքները և անվտանգությունը հակադրվում են, տպավորություն է, որ եթե ռազմական և քաղաքական հարցեր են, ուրեմն մարդու իրավունքները կապ չունեն: Իրականում մարդու իրավունքները և անվտանգությունը լրացնում են իրար, սա կարևոր նշանակություն ունեցող թեզ է: Մարդու իրավունքների տեսանկյունից դիտարկելիս պետությունը մեծացնում է իր հնարավորությունները և ռազմական, քաղաքական կոմպոնենտները սահմանափակում են պետության հնարավորությունները»,-ասաց Թաթոյանը և ավելացրեց.« Հայաստանն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն, քանի որ խնդիրը դիտարկվում է ռազմական և քաղաքական տեսանկյունից մարդու իրավունքները հաջողություն չեն ունենում»: