Մեր երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, արդեն նաև դատավորը Նիկոլ Փաշինյանն է. Իշխան Սաղաթելյան
PoliticalՄեր երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, ցավոք, արդեն նաև դատավորը մեկ մարդ է՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, որը հետևողականորեն քաղաքական հետապնդումներ է իրականացնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշումներ է կայացնում, իսկ ուժային կառույցներին և իրավապահներին մնում է միայն իրենց երևակայության արդյունքում կեղծ մեղադրանքներ հորինել և հստակ հետապնդումներ իրականացնել տվյալ դեպքում Սյունիքի համայնքապետերի նկատմամբ և «Հայաստան» դաշինքի աջակիցների, համախոհների նկատմամբ»,-ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հստակ շարունակվում է մեր երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը. «Այն բոլոր ուժերն ու անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, փորձում են իրենց մեկուսացնել և շարքից դուրս հանել նրանց»,-ասաց Սաղաթելյանը:
Նա այն կարծիքին է, որ պատահական չէ՝ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչպես նաև Տավուշում. «Լավագույն զինվորականներին հեռացնում են բանակից, պատահական չէ, որ պատերազմի ժամանակ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին այսօր ձերբակալում են և կալանավորում: Այս ամենը կապում ենք նաև առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ»,-ասաց նա՝ հավելելով. «Քաղաքական հետապնդումները շարունակվում են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք սրա դեմ, որպեսզի թույլ չտանք ապօրինի մեղադրանքներով մեկուսացնել մեր համակիրներին»: