Ինչու են անհետացած զինծառայողները եղել առանց զենքի․ ՊՆ-ից մեկնաբանում են
ОбществоԱրդեն տեղեկացրել էր, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Վերջիններս եղել են առանց զենքի։
ԼՈՒՐԵՐ․com-ը ՀՀ Պաշտպանության նախարարությունից հետաքրքվեց, թե ինչո՞ւ զինծառայողներին զենք կցված չի եղել։ Մեր հարցին ի պատասխան՝ այստեղից հայտնեցին, որ կան ծառայություններ և գործողություններ, որոնք զենքի կրում չեն ենթադրել։ Սակայն առավել մանրամասն տեղեկանալու համար ասացին հարցում ուղարկենք, որպեսզի կարգը ներկայացնեն։
Նշենք, որ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ կապը կորելուց անմիջապես հետո մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։