Պողպատե մանդատն իշխանություններին անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացնեն. Աննա Գրիգորյան
Society«Այսօր տեսանք, որ պողպատե մանդատն իշխանություններին անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացնեն»։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Լսել եք, թե Ալիևն ինչպիսի հայտարարություններով է հանդես գալիս։ Արդեն անթաքույց հայտարարում է, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, և այս ֆոնի վրա պողպատյա մանդատակիրները կարո՞ղ էին որևէ արձագանք տալ Ալիևի անթաքույց նկրտումներին ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այն դեպքում, երբ օկուպացված է Արցախի մի մասը, թշնամին խոսում է նաև ՀՀ օկուպացիայի մասին և սրան ի պատասխան պողպատե մանդատն աշխատում է բացառապես ՀՀ-ի և Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ»,-ասաց պատգամավորը։
Վերջինիս խոսքով՝ սա պետք է ընկալել որպես անձնական վրեժխնդրություն։ Պատգամավորն ընդգծեց, որ համայնքապետերն ամբողջ պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում. «Պատերազմի ընթացքում, երբ վարչապետը Սյունիք էր գնացել և ասել, որ կազմակերպեն Սյունիքի ինքնապաշտպանությունը, այդ բոլոր համայնքապետերը մեկտեղվել էին ու գնացել ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Այդ ամենից հետո նման վերաբերմու՞նք։ Կարծում եմ՝ սա նաև պետք է դիտարկել Ալիևի հայտարարությունների լույսի ներքո, երբ խոսում է Զանգեզուրը որպես պատմական ադրբեջանական հողեր լինելու մասին, միևնույն ժամանակ մեր իշխանությունները գլխատում են մեր համայնքները։ Ի՞նչ հույսով, որ այնտեղ տանեն խամաճիկ իրենց ներկայացուցիչներին և նրանց միջոցով կատարեն այն քայլերը, որ հնարավոր է կատարել»,-նշեց Աննա Գրիգորյանը։