Փաշինյանի քարտ-բլանշն ուժի ավելի դաժան կիրառման կհանգեցնի. իրավապաշտպան
ՀասարակությունՔարտ-բլանշը, որը Նիկոլ Փաշինյանը ստացավ միջազգային հանրությունից, մեզ խոստանում է ուժի նույնիսկ ավելի դաժան կիրառում, քան հիմա: Այս մասին հուլիսի 17-ին «Իրավական մարտահրավերները Հայաստանում» խորհրդաժողովին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա կոչ արեց միջազգային հանրության անաչառության վրա հույս չդնել, երբ խոսքը Հայաստանի նման երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին է:
«Նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներով լի ժամանակահատվածում Սյունիքն առաջին հանգրվանն է թուրք-ադրբեջանական ծրագրերի ճանապարհային քարտեզի վրա: Նրանք ամեն ինչ անում են Սյունիքի բնակիչներին ցույց տալու համար. եթե մենք այդպես վարվենք ձեր ընտրած մարդկանց հետ, ապա ո՞վ եք դուք: Ինչպես ուզենք, այդպես էլ կվարվեք ձեզ հետ: Սյունիքի համայնքների ղեկավարները զենքը ձեռքին դիմադրում էին թուրք-ադրբեջանական ագրեսիային: Նրանք նաեւ դեմ էին ներկայիս իշխանությունների քաղաքականությանը»,- ասաց Ալավերդյանը:
Նա հավելեց, որ հասարակության որոշակի հատվածի՝ Փաշինյանին ընտրելու փաստը խոսում է ինքնապահպանման բնազդի կորստի մասին:
«Դա վկայում է այն մասին, որ մենք լուրջ խնդիրներ ունենք, եւ դրանք ավելի դժվար են լուծվում, քան թվում է: Իշխանությունները ոչ միայն ոտնահարում են մարդու իրավունքները, այլեւ նրանց գործողությունները հակասում են մարդու իրավունքների սկզբունքներին: Մենք գործ ունենք պետական տեռորի, այն է՝ հոգեբանական տեռորի հետ: Նպատակը հասարակությունը հնազանդ դարձնելն է, որը 30 տարվա ընթացքում հասավ խոսքի եւ կամարտահայտմման ազատություն կոչվածին: Մարդու իրավունքները հարգել չի նշանակում, որ կարող ես խփել վատ մարդուն: Ավելին, նույնիսկ սպառնալիք հնչեցնելն է մարդու իրավունքների կոպիտ խախտում: Մյուս կողմից, Փաշինյանը կատարում է այն, ինչ խոստացել էր քարոզարշավի ընթացքում հետապնդումների մասով: Նրանք, ովքեր չեն ցանկանում ենթարկվել իրեն, պետք է փռել ասֆալտին: Իսկ մեզ Արցախի մասով ասում էին՝ ինչ պետք է, այն էլ քննարկում ենք: Այս դեպքում էլ անում են այն, ինչ ուզում են: Իրավապաշտպանները լռում են այդ գործողությունների մասին: Քաղաքացիական հասարակությունն ապացուցել է, որ այն ծառայում է ոչ թե հանրային շահին, այլ գլոբալիստներին», - եզրափակեց իրավապաշտպանը: