Արտակարգ դեպք Երևանում․ քարտեզագետը չի ենթարկվել ծառայություն կատարող պարեկներին, ապա հարվածել նրանցից մեկին և պոկել համազգեստի ուսադիրը
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 19-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է աղբյուրը, այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 57-ամյա Գ․ Բեգլարյանին։
Պարզվել է, որ նշված խաչմերուկում Գ․ Բեգլարյանը վիճաբանել է պարեկների հետ, այնուհետև հարվածել պարեկ 23-ամյա Հ․ Ալումյանին, պոկել համազգեստի ուսադիրը։ Գ․ Բեգլարյանը բաց է թողնվել։ Նա աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես քարտեզագետ։