«Բրավո». Ռոբերտ Քոչարյանի արձագանքն` Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին
Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ավելի շատ խոսակցություններ է գնում ինչ-որ ռեֆորմների մասին, հնարավոր քայլերի մասին, բայց մինչ այսօր մենք չգիտենք մեր կորուստների մասին, եւ մարդկային հստակ թիվը չի հրապարակվել եւ նյութական կորուստների մասին: Մենք չգիտենք` ինչ ծրագրեր են իրականացվում բանակը վերականգնելու համար, բանակի մարտունակությունը եւ չեմ կարծում, որ սա իշխանության համար համար 1 խնդիր է, չի երեւում ոչ մի քայլերից, սկսած կադրային քայլերից ի դեպ, որ սա իշխանության համար համար 1 խնդիր է»,-ասաց նա` հավելելով, որ այս վիճակը շարունակվում է նույնիսկ հետընտրական շրջանում:
Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի վերջին պաշտոնանկությունների եւ նշանակումների հետ կապված, երկրորդ նախագահը հարցրեց, թե ում անունն է շրջանառվում Պաշտպանության նախարարի պաշտոնում եւ լսելով Արշակ Կարապետյանի անունը` արձագանքեց. «Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ: Այսպես ասենք նույն կարտերի կալոդը այսպես խառնում են եւ այդ կալոդից ինչ-որ դեմքեր են քաշում»:
Քոչարյանի կարծիքով` պետք չէ լուրջ վերաբերվել նման կարգի փոփոխություններին, եւ սա ընդամենը փոփոխություն է փոփոխության համար:
Հարցին, թե ինչու մեր իշխանությունները չեն խոսում Արցախի ճակաատագրի մասին, այնինչ Ադրբեջանի իշխանությունը հարցը համարվում է փակված, Քոչարյանը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահն ու պաշտոնյաները հստակ ասում են, որ իրենք Արցախի հարցը լուծել են եւ այլեւս նման խնդիր իրենք չունեն։ Դուք որեւէ ողջամիտ, հասկանալի հայտարարություն կամ մոտեցում լսե՞լ եք, ես չեմ լսել, միգուցե ես եմ բաց թողել։ Չկա հայեցակարգ, չկա մոտեցում, ուղղակի հոսանքի մեջ ընկած գնում ենք, ինչ կլինի վերջում՝ Աստված գիտի․ մոտավորապես այս բանաձեւն է աշխատում»։