Նա մեջբերեց ՍԴ որոշման մեջ ատելության խոսքին վերաբերող հատվածը. «ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը եւ լիազորությունների ծավալը, Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի եւ վարքագծի որեւէ դրսեւորում, ներառյալ նաեւ նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս գնահատականը վերաբերում է ոչ միայն նախընտրական քարոզարշավին, այլ նաեւ ընդհանրապես քաղաքական խոսույթին ու վարքագծին. «ՔՊ-ն ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության եւ զարգացման: Մենք վճռական ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում եւ պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպես գիտեք արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցություննինստիտուցիոնալ տեսք է ստանում, իսկ խորհրդարանական ուժերի հետ հարաբերություններն ինստիտուցիոնալացված են Սահմանադրությամբ եւ օրենքներով:
Ընդգծում եմ, որ ՀՀ կառավարությունը եւ ԱԺ մեծամասնությունը ընդունում են ՍԴ ուղերձը եւ ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական եւ իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն հայաստանը եւ նրա ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված խոսույթից զերծ պահելու համար»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: