Չինաստանում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 33-ի (լուսանկարներ, տեսանյութ)
VideoՉինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 33-ի։ Եվս 8-ը անհայտ կորել է, ասվում է տեղական արտակարգ իրավիճակների վարչության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի մասին:
Ավելի քան երեք միլիոն մարդ է գտնվել աղետի գոտում, 375 հազար բնակիչ շտապ տարհանվել է վտանգավոր շրջաններից, 256 հազարը վերաբնակեցվել է իշխանությունների կողմից: Աղետից տուժած գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմում է 215 000 հա, որի ուղղակի տնտեսական վնասը գնահատվում է 1,22 մլրդ յուան:
Հուլիսի 17-ին տեղատարափ անձրևներ տեղացին Չինաստանի կենտրոնում գտնվող Հենան նահանգում: Ամենաշատը տուժեց Ժենչժոու քաղաքը: Օդերևութաբանական որոշ կայարաններում քաղաքը գրանցել է պատմական ռեկորդ միջին օրական տեղումների քանակով՝ հանգեցնելով ջրհեղեղի: