Պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան նաև ուսանողական նոր խմբեր
Կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում և «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, նաեւ դրանք համարեց անհետաձգելի:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախագծերն ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, նաև նպատակայնության ու ծավալների ընդլայնմանը:
«Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսհաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից:
Գործող կարգերով, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուստարվա արդյունքներով բարձր առաջադիմություն դրսևորած սովորողները, օրենքով սահմանված ուսանողական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանային համայնքների ուսանողները»,- ասաց Դումանյանը: