Պոռնիկ, իդիոտկա, անասուն, հիմար․ ո՞ր բառերն են համարվում հայհոյանք
ПолитическиеՀՀ ազգային ժողովն օրերս ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել ծանր վիրավորանքը՝ հայհոյանքը։ Իսկ թե ո՞ր բառերն են համարվում հայհոյանք, որի համար անձը ենթարկվելու է պատասխանատվության ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել նախագծի համահեղինակ իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանից։
«Դուք ուզում եք, որ հիմա ես հայհոյանքնե՞ր շարադրեմ և ենթարկվեմ քրեական օրենսգրքով սահմանված պատժի՞»,- մեզ հետ զրույցում կատակեց իմքայլական պատգամավորը։
Նրա խոսքով՝ դատարանների համար առավել քան պարզ է, թե ինչ է հայհոյանքը․ «Իսկ կներեք ատելության խոսքը, բռնության կոչը ունե՞ն սահմանում։ Սոցիալական փիլիսոփայությունը և սոցիալական փիլիսոփայությոան մեջ օգտագործվող կատեգորիաներն ունեն սպեկուլյատիվ բնույթ, այսինքն` դրանք պայմանավորվածության արդյունք են։ Այն արտահայտությունների սահմանը, որը հասարակության մեջ հնարավոր չէ տալ, որովհետև դա հասարակության բարոյական նորմերին հակասող է, կարող է դիտվել հայհոյանքի դրսևորում»,- նշեց նա։
Վլադիմիր Վարդանյանին խնդրեցինք նշել մի քանի բառ, որոնք համարվում են հայհոյանք, սակայն նա հրաժարվեց՝ նշելով, որ իր դաստիարակաությունը թույլ չի տալիս, ապա նշեց՝ ընդունվել է համապատասխան օրինագիծ, որով հայհոյանքը քրեորեն պատժելի է։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք հիմար, իդիոտկա, անասուն բառերը համարվո՞ւմ են հայհոյանք, թե՞ ոչ։ «Ես դատավոր չեմ, որ դիտարկեմ այս կամ այն արտահայտությունը։ Թե ինչ է հայհոյանքը և անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը ընկալելի, հասկանալի է մեր դատական իշխանության համար և ես համոզված եմ, որ նրանք կկարողանան կողմնորոշվել»,- ասաց իմքայլական պատգամավորը։
Մեջբերեցինք Աստվածաշնչում նշված «պոռնիկ» բառը, որը լայն հասարկության կողմից ընկալվում է որպես ոչ պարկեշտ բառ, սակայն այն օգտագործողները արդարանում են, թե աստվածաշնչյան բառ են օգտագործում, հարցրինք՝ արդյոք այդ բառը կիրառողները կենթարկվե՞ն պատասխանատվության, թե՞ ոչ․ «Ցանկացած բառ կարող է դիտվել գրական։ Եթե օրինակ, որևիցե մեկի նկատմամբ օգտագործվի այդ բառը և վիրավորի դիմացինի արժանապատվությունը, արդյոք տվյալ անձը թույլ կտա՞ այն վերարտադրել հանրության մեջ։ Եթե ոչ, ապա ինձ թվում է գտնվեց հարցի պատասխանը՝ արդյոք այդ արտահայտությունը կարող է դիտարկվել քրեորեն պատժելի արարք, թե ոչ։ Օրինակ անասուն բառը կարող է օգտագործվել և՛ դրական, և՛ բացասական իմաստով։ Եթե ասենք՝ անասունի գինը բարձրացավ, նկատի ունենք կենդանիներին, իսկ եթե անձի դեպքում է օգտագործվում լրիվ այլ երանգ է ձևավորվում։ Սա արդեն դատարանը պետք է գնահատի։ Ես չեմ կարող որևիցե օրինակ բերել ամեն դեպքում դատարանը մի դեպքում կարող է ասել նման միտում է եղել, մյուս դեպքում չի եղել»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ եթե կողմերը համաձայն չլինեն նրանք իրավունք ունեն դատական պաշտպանության և կարող են վիճարկել։
Նշենք, որ օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։
Սոնա Հարությունյան