Մեր բանակը մոտ 1 շաբաթ առաջ ապացուցեց՝ ի զորու է կանգնեցնել ադրբեջանական հարձակումը. Ռուբեն Ռուբինյան
ՔաղաքականՀՀ սահմանները խախտված են, և դա մեզ համար անընդունելի է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Հստակ է, որ Ադրբեջանը նպատակադրում ունի վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշին։ Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի և ռուս խաղաղապահ առաքելության դեմ։ Մեր դիրքորոշումն այն է, որ մեզ հասու ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործենք, և մեր ՀԱՊԿ գործընկերների հետ նույնպես քննարկումները շարունակվում են»,-նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Դիտարկմանը, թե միջազգային դիտորդների տեղակայման հետ կապված մտահոգություններ կան, որ այդ կերպ վիճարկվում են մեր տարածքները և բանակի դերակատարումն է նվազում, Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ խոսքը բանակի դերակատարման նվազման մասին չէ. «Մեր բանակը մոտ 1 շաբաթ առաջ ապացուցեց, որ ի զորու է կանգնեցնել ադրբեջանական հարձակումը։ Խոսքն իրավիճակի դեէսկալացիայի մասին է։ Մենք կողմ ենք տարածաշրջանային կայունությանը, խաղաղությանը և չենք ուզում պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում։ Հայելային հետքաշման առաջարկը կապ չունի սահմանների հետ, այն կապ ունի զորամիավորումների տեղակայման հետ»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։