Մրցավարներն ըմբիշ Կարեն Ասլանյանից անարդար կերպով խլեցին կիսաեզրափակչի ուղեգիրը
ՍպորտՏոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ մտավ 67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը:
Հունգարացի փորձառու, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Բալինտ Կորպաշու հետ գոտեմարտում կողմերից յուրաքանչյուրը մեկական անգամ զգուշացվեց պասիվության համար, և գոտեմարտն ավարտվեց 1-1 հաշվով, բայց, քանի որ Ասլանյանը վերջինն էր միավորը վաստակել, հաղթանակը շնորհվեց հենց նրան:
Քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը աշխարհի Մ-23 չեմպիոն եգիպտացի Մոհամես Էլսայեդն էր:
Ալսանյանի համար գոտեմարտն անհաջող սկսվեց, քանի որ մրցակիցը 4 միավորանոց հնարք կատարեց, ինչից հետո Կարենը վտանգավոր բռնվածքով փակեց հնարքը, որի համար զգուշացվեց, ու եգիպտացին ևս երկու միավոր ստացավ:
Ասլանյանն օգտվեց մրցակցի սխալից և վաստակեց 4 միավոր, պառկեցրեց եգիպտացուն թիակների վրա, և գորգի ու գլխավոր մրցավարերն արձանագրեցին մաքուր հաղթանակ՝ տուշեով: Սակայն կողային մրցավարները որոշեցին նայել կրկնապատկերը և անհասկանալի որոշում կայացրին. չեղարկեցին տուշեով հաղթանակը և չորս միավորի փոխարեն տվեցին երկուսը:
Գոտեմարտը շարունակվեց. երկրորդ մրցափուլում եգիպտացին ևս 1 միավոր վաստակեց, դրանից հետո Ասլանյանը 4 միավորանոց հնարք կատարեց, որոնք մրցավարները սկզբում գնահատեցին երկուսով, բայց բողոքարկումից հետո դարձրին 4: Հաշիվը դարձավ 7-7, սակայն, քանի որ Ասլանյանը զգուշացում ուներ, հավասար հաշվի դեպքում հաղթանակը տրվեց Էլսայեդին:
Հայ ըմբիշը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար, եթե Էլսայեդը հասնի եզրափակիչ: