Այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյան
Political«Իմ թեկնածության առաջադրումը ո՛չ պաշտոնի ձգտում է, ո՛չ էլ իշխանության հետ քաղաքական համաձայնությունների, կուլիսային պայմանավորվածությունների արդյունք»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով իր առաջադրումը քաղաքական համակարգի, փոխզսպումների, հակակշիռների, ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման, իրացման հիմնական պահանջներից է։
«ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրություններից և քմահաճույքից։ Այլ պայմաններում գուցե կարող էինք արձագանքել իշխանության՝ բանակցությունների միջոցով ԱԺ ղեկավարություն և այլ մարմիններ ձևավորելու առաջարկին, սակայն մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրեցինք մեր հայրենիքի կարևոր մասը։ Չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Վերջինս նկատեց՝ ընդդիմության և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի ներկային և ապագային վերաբերող տեսլականն է։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմությանը վերապահված ԱԺ փոխնախագահի գործունեությունն անցնող ամիսներին ծառայելու է քաղաքական հրապարակային պայքարի դուրս եկած իր ընկերների, գաղափարակից հայրենակիցների պահանջներին։
«ԱԺ փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ նախագահությունում։ Լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները՝ հակազդելու եմ այն բոլոր վտանգներին ու սպառնալիքներին, որոնք կանգնած են մեր պետականության առջև»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։