Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. Հովիկ Աղազարյանն՝ Ապրիլյան պատերազմին ՔՊ ջոկատի մասնակցության մասին
Political«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Ապրիլյան քառօրյա պատերազմին ՔՊ ջոկատի մասնակցության հարցին՝ նշելով, որ ինքն էլ է եղել այդ ջոկատի կազմում։
«Այստեղ խնդիրն այն չէ, որ մենք չհասցրեցինք 2 օրում ձևավորվել և ավելի գործուն մասնակցություն ունենալ պատերազմին։ Խնդիրն այն է, որ մենք իշխանություններին անմիջապես տվեցինք համապատասխան ազդակ, որ լինելով ընդդիմադիր քաղաքական ուժ՝ պատրաստ ենք մեր նպաստը բերելու, որտեղ հարկ կհամարի ՊՆ-ն։ Մենք X զորամասում անցկացրեցինք նախապատրաստական վարժանքներ և մեկ օր հետո ՀՅԴ-ի հերթական ջոկատն ուղարկելուց հետո մեր ջոկատն ուղարկվեց այնտեղ, որտեղ հրամանատարությունն անհրաժեշտ գտավ։
Ունեինք անհրաժեշտ սպառազինություն, բայց չգիտեինք՝ կոնկրետ որ հատվածում ենք լինելու։ Այդ իմաստով նպատակահարմար գտան, որ խրամատներ փորձենք, մենք էլ կատարել ենք այդ աշխատանքները։ Կարևորը դա չէ, կարևորն ուղերձն է, որ արմատական ընդդիմադիր ուժը պատրաստակամություն հայտնեց լինել իշխանության կողքին այդ ճակատագրական պահին»,-ասաց Հովիկ Աղազարյանը։
Վերջինս նկատեց՝ իրենք չէին մտածում, որ 33 հոգով պատերազմի ելք են որոշելու, բայց պատգամավորի խոսքով ցույց են տվել այդ ուղերձը։ Հովիկ Աղազարյանը, դիմելով Սեյրան Օհանյանին, ասաց.
«Դուք որտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք։ Մենք ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել, ոչ մեկն էլ չի ասել, որ մասնակցել ենք»։