Բենիամին գյուղում այսքան քիչ բերք վերջին 20 տարում չի եղել. համայնքապետ
ОбществоՇիրակի մարզի Բենիամին գյուղում բնակիչները դաշտերը ոռոգել են ընդամենը 2-3 անգամ։ Ընդհանուր խնդիրը չի լուծվել, քանի որ եղանակը ոչ անձրևային է և երաշտ է։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանն ասաց, որ երեկ որոշել են այսօր առավոտից փակել գյուղերի ջրամատակարարումը, որ ջուրն ուղղվի Կառնուտի ջրամբար։
«2-3 օր կլցնեն Կառնուտի ջրամբարը և նոր մեզ ջուր կտան։ Այլապես անհնար է մեր հատվածում՝ ծայրամասում ջուրն ապահովել։ Եթե գոնե 1-2 օր անձրև լիներ, վիճակը մի քիչ կմեղմանար, բայց մայիսի 3-ից հետո արդեն երեք ամիս կլինի, որ մեր գյուղում ոչ մի կաթիլ անձրև չի եկել։ Մեկ անգամ եկել է հունիսի 30-ին, այն էլ կարկուտ է եղել»,-նշեց Արտակ Անտոնյանը։
Անդրադառնալով երաշտի հետևանքով առաջացած վնասին՝ համայնքապետը նշեց, որ այս պահի դրությամբ հացահատիկի բերքահավաքն է ավարտվել։ Այս տարի բերքն ընդամենը 2-3 ցենտներ է եղել, մինչդեռ առհասարակ գյուղի հացահատիկի բերքը կազմում է 30-40 ցենտներ. «Նախորդ տարիներին 20 ցենտներ է եղել, 2019-ին՝ 25 ցենտներ, բայց այսքան քիչ բերք վերջին 20 տարում չի եղել»,-ասաց Արտակ Անտոնյանը։
Համայնքապետը նշեց, որ այժմ սպասում են միջգերատեսչական հանձնաժողովը բերքահավաքից հետո այցելի գյուղ, եզրակացություն տա, որպեսզի այդ ժամանակ արդեն ընդհանուր վիճակը պարզ լինի, թե բնակիչները որքան վնաս են կրել։
Հարցին՝ արդյոք գյուղացիների փոխհատուցման որևէ միջոց քննարկվե՞լ է, Արտակ Անտոնյանն ասաց, որ նման քննարկում չի եղել. «Մարդ կա ասում է՝ իր վարկը զիջեն, մարդ կա ասում է՝ իր ծախսերի փողը հետ տան, մեկ ուրիշն էլ ասում է, որ սերմնացուով ապահովեն։ Տարբեր մարդիկ տարբեր բան են պահանջում, կախված է նրանից, թե ով ինչքան վնաս է կրել»,-ասաց համայնքապետը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում