Facebook-ի գովազդը հարկեինք` ընտրությունների ժամանակ ահագին հարկ կգեներացվեր. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունGoogle-ի, Facebook-ի և նմանատիպ ընկերությունների օնլայն ծառայությունները հնարավորություն կունենան ՀՀ-ում ԱԱՀ-ի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել և վճարել։ Համապատասխան որոշման նախագծին հավանություն տրվեց կառավարության այսօրվա նիստում։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով կարգավորել են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող, ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները։
«Ներկայումս հարկային օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն ԱԱՀ-ի գծով եկամուտներ է կորցնում»,-նշեց Ռուստամ Բադասյանը։
Վերջինս նշեց, որ պետք է հասցնեն էլեկտրոնային ծրագիրը հաստատել, որ հաջորդ տարվանից Google-ի, Facebook-ի և նմանատիպ ընկերությունների օնլայն ծառայությունները հնարավորություն ունենան ՀՀ-ում ԱԱՀ-ի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել և վճարել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց՝ էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները պետք է հարկենք, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները։ Վարչապետը նկատեց՝ նախկինում բազմիցս քննարկել են այս հարցը և հանգել այս եզրակացությանը։
«Ինտերնետային դաշտում, եթե բացում ենք օտարերկրյա կայքեր, տեսնում ենք այնտեղ, որ հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված, որոնց համար այդ ընկերությունները վճարվում են։ Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում Հայաստանում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ ծառայությունը մատուցողի համար։ Այդ գովազդներից հարկեր չենք կարողանում գեներացնել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելեց, որ իրենց հաշվարկներով ամենաքիչը 20 մլրդ դրամ հարկ կգեներացվի։
«Այն ընկերությունները, մարդիկ, որոնք ծառայություն են մատուցում այսպիսի հարթակների միջոցով, նույնպես դուրս կգան թափանցիկ դաշտ։ Օրինակ Yandex Taxi-ն առնվազն 1 մլրդ դրամի ԱԱՀ կվճարի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո»,- հավելեց նախարարը։