Այսօր Մուսա լեռան հերոսամարտի 97-ամյակն է
ArmeniaԱյսօր Մուսա լեռան հերոսամարտի 97-ամյակն է։
Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչները 53-օրյա ինքնապաշտպանություն իրականացրեցին թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ: Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։
Լեռան պաշտպանությունը բաժանվել է 4 շրջանի, որտեղ ամրացել են մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին առաջին հարձակումից հետո, կորուստներ կրելով, նահանջել է: Թուրքերի գրոհը, թնդանոթների օգտագործմամբ, կրկնվել է օգոստոսի 10-ին, որը 12-ժամյա համառ մարտերից հետո հայ մարտիկները հետ են մղել: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկել է ավելի խոշոր հարձակում՝ 9 հզ-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվել են 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետում ճեղքել են պաշտպանության գիծը, սակայն, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված), դարձյալ նահանջել են: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ առժամանակ հրաժարվել են նոր հարձակումից. 15-հզ-անոց զորքով պաշարել են լեռը, որոշել սովամահ անել հայերին:
Պաշարվածների դրությունը խիստ ծանրացել է: Ակնկալելով դաշնակիցների օգնությունը՝ լեռան ծովահայաց կողմում բարձրացրել են սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ՝ մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար դրանց շուրջը վառվել են խարույկներ: Մարտանավ նկատելու դեպքում Մովսես Գրքյանը պետք է լողալով նավ հասցներ թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիրը (անգլերեն): Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվել, իսկ թուրքերը պարբերաբար դիմել են հայերին անձնատուր լինելու առաջարկով: Վերջապես սեպտեմբերի 5-ին երևացել է ֆրանսիական «Կիշեն» հածանավը, որը մակույկ է ուղարկել ափ և վերցրել ժամապահներին: Տեղեկանալով իրավիճակին՝ նավից հրետակոծել են թուրքական դիրքերը և հեռացել՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով:
Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը հայերից պահանջել է անձնատուր լինել, չենթարկվելու դեպքում սպառնացել է անցնել հարձակման և բոլորին կոտորել: Սկսվել է նոր, արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցել են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցրել թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջել են: Սեպտեմբերի 10-ին 2 ֆրանսիական մարտանավեր սկսել են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13–15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվել են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվել դեպի Պորտ Սաիդ, որտեղ նրանց օգնության են հասել եգիպտահայերը:
Մուսա լեռան հերոսամարտն արտացոլվել է ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որը թարգմանվել է շուրջ 30 լեզվով: Այն օրինակ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին իտալա-գերմանական զավթիչների դեմ մարտնչող Սլովենիայի պարտիզանների համար. 1942 թ-ին պաշարվելով Ռոգ լեռան բարձունքներում՝ նրանք վճռել են «Հայրենիքի համար կռվել այնպես, ինչպես կռվել են հայերը Մուսա լեռան վրա»: Երեքամսյա դիմադրությունից հետո պարտիզանները ճեղքել են շրջափակումը և փրկվել: Այդ ժամանակից ի վեր Ռոգ լեռը կոչվում է Սլովենիայի Մուսա լեռ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնել են Մուսալեռ գյուղը (Վաղարշապատ քաղաքի մերձակայքում), որտեղ հուշարձան է կանգնեցվել' ի պատիվ Մուսա լեռան հերոս պաշտպանների: