2-3 ամիս հետո չկանգնեք այս ամբիոնին ու ասեք, որ ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ, և երկիրը տանեք նոր զիջումների. Սաղաթելյան
Политические«Դուք այդպես էլ իշխանություն չդարձաք։ Շարունակում եք ձեզ ընդդիմության պես պահել, ընդ որում՝ անպատասխանատու ընդդիմության պես»։ Խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Կա՞ աշխարհում մի երկիր, որի իշխանությունն իր բոլոր ձախողումների համար ընդդիմությանն է մեղադրում։ Չկա նման բան։ Դա աբսուրդ է։ Մենք ասում ենք՝ ունեցել ենք պատերազմ, ձեր իշխանության օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, գալիս եք այս ամբիոնում կանգնում եք ու ասում, որ դա նախկիններն են արել, դուք կապ չունեք։ Ասում ենք՝ թշնամին երկու ուղղությունով մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ դուք այս ամբիոնից ասում եք՝ 2010թ-ին ինչ-որ վարչատարածքային բաժանումներով այդ տարածքները տվել ենք Ադրբեջանին։ Բա եղա՞վ, ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռ առնել։ Մենք խոսում ենք բանակի բարեփոխումներից, երկրի առջև ծառացած խնդիրներից, դուք գալիս, կանգնում եք այստեղ ու ասում՝ մարտի 1, հոկտեմբերի 27»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ փոխնախագահը նկատեց՝ 22 տարի առաջ այդ դահլիճում տեղի է ունեցել ողբերգություն և հետաքրքիր զուգադիպությամբ շատերը, որոնք այն ժամանակ պաշտոնյա էին, հիմա էլ են պաշտոնյա, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վաղարշակ Հարությունյանը։
«Մեկ շաբաթ է, ինչ հարցնում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ու՞մ հետ եք բանակցում։ Ասում եք՝ հանգիստ եղեք, ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի։ Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք։
Երկու-երեք ամիս հետո չգաք հանկարծ կանգնեք այս ամբիոնին, ասեք՝ ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ և երկիրը տանեք նոր զիջումների։ Այդ ժամանակ իրական ցասումը կտեսնեք»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։