Ավագանու դանակահարված անդամը տեղափոխվել է պալատ, կյանքին վտանգ չի սպառնում․ Մարության
ՀասարակությունԴանակահարված ավագանու անդամը տեղափոխվել է պալատ, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց Հայկ Մարությանը:
«Ինչպես գիտեք, մեր ավագանու անդամը՝ Արման Անտոնյանը, ենթարկվել է հարձակման, նրա նկատմամբ եղել է մահափորձ: Դիմակավորված մարդիկ մտել են նրա բնակարան, ծեծել են և դանակի 11 հարված հասցրել: Աստծո կամոք մեր գործընկերը չի մահացել ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողներին: Երեկ արդեն մենք նրան տեղափոխել ենք պալատ, ամեն ինչ նորմալ է ընթանում, դինամիկան դրական է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ ակնկալում է իրավական համակարգից խստագույն պատիժ նման ձևով իրենց անձնական գործերը առաջ տանող անձանց նկատմամբ:
«Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով և նրանք նպատակ են հետապնդել իրենց հարցերը լուծել այդ ձևով: Այն առաջարկները, որոնք արել է մեր գործընկերը եղել են ի շահ համայնքի»: