Մեսսին կարող է մնալ «Բարսելոնայում»․ ակումբը վերջին առաջարկն է արել
SportԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դեռ կարող է մնալ «Բարսելոնայում»: Ինչպես հայտնում է La Porteria-ն, կատալոնացիները «վերջին առաջարկն» են արել ֆուտբոլիստին:
Աղբյուրը նշում է, որ բանակցություններում ներգրավված է «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ֆերրան Ռեվերտերը:
Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր, որ չի կարող պայմանագիր կնքել 34-ամյա Մեսսիի հետ՝ Լա Լիգայի ֆինանսական կանոնների պատճառով: Ֆուտբոլիստը ազատ գործակալ է: «Բարսելոնայի» նախագահ Ջոան Լապորտան հայտարարել է, որ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը կարիերան կշարունակի «Պարի Սեն Ժերմենում»:
Կիրակի օրը Մեսսին հուզիչ հրաժեշտի ասուլիս անցկացրեց, որի ժամանակ նա արտասվեց: Երկուշաբթի օրը ֆրանսիական թիմի սեփականատեր Խալիֆա բին Համադ Ալ Թանիի եղբայրը հայտարարեց, որ արգենտինացին Փարիզ կժամանի երեք օրվա ընթացքում: