Թշնամիների թվի կրճատումը Հայաստանի շահերից է բխում. Էդուարդ Աղաջանյան
ՔաղաքականՀայաստանի շահերից է բխում այն, որ հնարավորինս արագ նվազեցվի թշնամիների քանակը: Այս մասին օգոստոսի 10-ին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարքագիծը թշնամական է, դա պետք է արձանագրել եւ դրանից ելնել:
«Մենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների ձեւավորման կողմնակիցներ ենք: Մենք չենք կարող մոռանալ Արցախում վերջին պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին: Սա չի կարող չընդգրկվել հարաբերությունների օրակարգում: Հայոց ցեղասպանության հարցը կմնա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Մենք կշարունակենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»,- հավելեց Աղաջանյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պատգամավորը բացատրեց, որ Ալիեւի հայտարարությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին: «Բայց մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի Բաքուն բերվի կառուցողական դաշտ եւ, առաջին հերթին, ստիպենք Ադրբեջանին կատարել այն պարտավորությունները, որոնք նա ստանձնել է նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին: Սա բխում է Հայաստանի շահերից: Մեզ համար կարեւոր է մնում գերիների վերադարձի հարցը»,- եզրափակեց Աղաջանյանը: