Լրագրողների աշխատանքը չպետք է տուժի, եթե պատգամավորները չեն կարողանում իրենց նորմալ պահել. Շուշան Դոյդոյան
SocietyԱյսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողների դեմ դրված՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողի լուսաբանման ու հեռարձակման արգելքը վատ նախադեպ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:
«Լրագրողների աշխատանքը չպետք է տուժի, եթե պատգամավորները չեն կարողանում իրենց նորմալ պահել, էլ չեմ ասում աշխատել։ Լրագրողի պարտականությունն է այս ամենի մասին իրազեկել հանրությանը»,- նշեց նա։
Անդրադառնալով իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այն հայտարարությունը, թե ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ, Դոյդոյանը նշեց. «Նրանք մամուլի դերի մասին սխալ պատկերացում ունեն, ցավոք»:
Ըստ Դոյդոյանի` լրագրողական համայնքը պետք է հանդես գա կոշտ քննադատությամբ՝ ներգրավելով նաև միջազգային մասնագիտական կառույցներին:
Նա նաև հավելեց, որ այս առնչությամբ քիչ անց հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ լրագրողների դեմ դրված այս արգելքը հակասում է Սահմանադրության 42-րդ ու 51-րդ հոդվածներին, Զանգվածային լրատվության մասին օրենքի և ԱԺ կանոնակարգ օրենքի մի շարք դրույթներին, ինչպես նաև պարունակում է քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, երբ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներն իրար էին քաշքշում, օթյակից աշխատող լրագրողների աշխատանքը սահմանափակվել է։ Նրանց թույլ չեն տվել մուտք գործել օթյակ, որը նախատեսված է հենց լրագրողների համար։ Ավելին` անվտանգության աշխատակիցները վերը նշված միջադեպի ընթացքում թույլ չեն տվել նկարահանել նիստերի դահլիճում տեղի ունեցողը։
Սոնա Հարությունյան