Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճաբանար կդադարեցվի. Կառավարության նոր որոշումը
ОбществоԱյսօր կառավարության նիստին քննարկվեց հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածության փոփոխության և դրան տարածքային համաչափ զարգացման նշանակություն տալու հարցը։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հարցը ներկայացնելիս նշեց, որ արտոնությունը գործել է մինչև 5 տարի ժամկետով։ Կարգավորումը նախապես տնտեսական նշանակություն է ունեցել։
«Այն նախատեսվել է վճարված եկամտահարկը վերադարձնել ֆիզիկական անձանց, վարկերի դիմաց վճարված տոկոսները հիփոթեկային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով։ 2018-ից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածությունը, սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու համար՝ բնակարանի արժեքը սահմանվել էր 55 մլն դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ պետության աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը վերջին 2 տարիներին կտրուկ աճել է. 2015-17 թթ-երին ծրագրի շահառուներ են եղել մոտ 800 մարդ տարեկան, 2018-19-ին՝ 2000, 2020-ին՝ 5200։ Ըստ նախագծի՝ 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է 273,9 մլն. դրամ, 2016թ.՝ 1.3 մլրդ. դրամ, 2017թ.՝ 2.4 մլրդ. դրամ, իսկ 2018թ.՝ 4,7 մլրդ․ դրամ, 2019թ․ 7,9 մլրդ դրամ, 2020թ․ 13,3 մլրդ․ դրամ, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակում 9,7 մլրդ․ դրամ եկամտային հարկի գումար, ինչը նշանակում է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, արդյունքում մեծ բեռ են պետական բյուջեի վրա:
Նախարարը նշեց նաև, որ բնակարանների կառուցումը հիմնականում եղել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, իսկ նոր փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածություն։
«Առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից արտոնությունը կսահմանափակվի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան երրորդ գոտում, 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի մնացած գոտիներում»,- ասաց նախարարը։
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ առաջարկվող սահմանափակումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով։